Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում "ՀայՌուսգագարդ" ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
Ջանքերի միավորում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997թվականին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ առաքելությունը առավել արդյունավետ, հուսալի ու անխափան գազամատակարարումն է հանրապետության սպառողներին, ինչպես նաեւ Ընկերության երկարատև ու համաչափ զարգացումը՝ գործունեության հետագա զանազանեցման, համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ռազմավարական նպատակը տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն ստեղծելն է` ակտիվ մասնակցություն ապահովելով ներքին և արտաքին շուկաների էներգետիկ ծրագրերում:
Ներկայումս Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 316,6 մլրդ դրամ, բաժանված է 62 997 784 սովորական անվանական բաժնետոմսերի` յուրաքանչյուրը 5026.5 դրամ անվանական արժեքով:
Ընկերության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20%-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս ՀՀ Էներգետիկայի նախարարության: Ընկերությունն ունի 18մասնաճյուղեր եւ հանդիսանում է գազի ոլորտում գործունեություն իրականացնող 6 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների 100 % սեփականատերը:
Գազիֆիկացիան ազգային նշանակության սոցիալական ծրագիր է
Հանրապետության բնակավայրերի գազամատակարարման վերականգնումն ու գազաֆիկացումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեության առաջնահերթ ուղղություններից է:
2002-2009թթ. Ընկերության կողմից գազաբաշխման համակարգում ներդրվել է շուրջ 127,8 միլիոն դոլար, ինչը հնարավորություն է ստեղծել գազաֆիկացման մակարդակը 21,0 %-ից հասցնել 94 %-ի:
Գազաֆիկացման ծրագիրը գրեթե ավարտված է: Հայաստանում այսօր բնական գազ է օգտագործում 552 բնակավայր:
Այսօր հանրապետության գազաբաշխիչ ցանցի երկարությունը 13153 կմ է, որից Ընկերության կողմից շահագործվում է 10225 կմ: Գազաֆիկացման մակարդակով Հայաստանը առաջատար է ԱՊՀ երկրների շարքում:
Գազաֆիկացման ծրագրի իրականացումն իր հետ բերում է լուրջ սոցիալական էֆեկտ: Տարբեր հաշվարկներով, այլընտրանքային էներգառեսուրսների փոխարեն բնական գազի օգտագործումը բնակիչ-բաժանորդների մոտ ձևավորում է շուրջ 250-300 մլն դոլարի խնայողություն:
Գազի ստորգետնյա պահեստ-կայան
Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ-կայանը մեր երկրում իրականացնում է երկու կարևոր գործառույթ՝
- հանրապետության սպառողներին հուսալի և անվտանգ գազամատակարարման ապահովում,
- մատակարարվող գազի սեզոնային և պիկային տատանումների կառավարում:
Վերջին տարիներին Ընկերությունը Աբովյանի ստորգետնյա պահեստարան-կայանի վերակառուցման եւ արդիականացման նպատակով ներդրել է 7,5 մլն դոլար, ինչի արդյունքում հնարավորություն է ստեղծվել պահեստավորվող գազի ծավալը 76 միլիոն խմ-ից հասցնել 120 միլիոն խմ-ի: Իսկ բարեհաջող պայմանների առկայության դեպքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հնարավորություն կունենա մինչեւ 2013թ. վերջը պահեստավորել 170-180 մլն խ.մ, ինչը զգալիորեն կբարձրացնի գազամատակարարման հուսալիությունը, ինչպես նաեւ հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:
Գազաէներգետիկ ծրագրեր
2001թ.-ից սկսած «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մասնակցություն է ցուցաբերում էլեկտրաէներգիայի արտահանման բիզնեսում: 2002- 2006թթ. Ընկերությունը Վրաստան է արտահանել մոտ 600 միլիոն կՎտ.ժ էլեկտրաէներգիա:
Արտահանմանը զուգահեռ, Ընկերությունը միանգամայն լուրջ ծրագրեր ունի երկրում էլեկտրաէներգիայի արտադրությանը մասնակցելու շուրջ: Հեռանկարային այսպիսի ծրագրերի իրականացումը հնարավոր է 2006 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև կնքված Համաձայնագրի շրջանակում, համաձայն որի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք կբերի «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները՝ բլոկի շինարարությունն ավարտելու և այն արդիականացնելու պարտավորությամբ: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն սկսել է նախագծի ներդրումային փուլի իրականացումը, որը նախատեսում է ավարտին հասցնել շինարարությունը, և ժամանակակից գազատուրբիններ տեղադրելով՝ հզորությունը հասցնել 480 ՄՎտ-ի: Ընդ որում՝ նախատեսվում է կիրառել շոգետուրբինային և գազատուրբինային տեխնոլոգիաների համակցում, ինչը նախագիծը դարձնում է եզակի և աննախադեպ ԱՊՀ երկրներում: «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի անավարտ շինարարության 248,8 միլիոն դոլար ակտիվների ձեռքբերումով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ծրագրում է կատարել նաեւ շուրջ 180 միլիոն դոլար ընդհանուր ծավալով ներդրումներ: Էներգաբլոկը շահագործելով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն էլեկտրաէներգիայի հայկական շուկայում զգալի մասնաբաժին կապահովի ու հնարավորություն կստանա ավելացնել էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալները հարևան երկրներ:
«Հրազդան-5»-ի էներգաբլոկի թողարկման-կարգաբերման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ. կեսերին: Ընկերությունը նախատեսում է նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի գործող չորս էներգաբլոկերը միավորել կառուցվող 5-րդ էներգաբլոկի հետ` միասնական արտադրական համալիր ստեղծելու նպատակով, մասնակցել Հայաստանի տարածքում նավթամթերքների տերմինալի կառուցման նախագծի իրականացմանը և այլն:
Գազատրանսպորտային համակարգի ընդլայնում
Հայաստանի կառավարությունը Իրան-Հայաստան գազատարի կառուցումը ձեռնարկել է հանրապետության գազամատակարարման հուսալիությունը բարձրացնելու և տեխնոլոգիական երկրորդ մուտքային գիծ ստեղծելու նպատակով:
Հայաստանի տարածքում կառուցված գազատարի 40 կմ երկարությամբ հատվածը չի կարող բնական գազի անհրաժեշտ ծավալ ապահովել գործող ջերմաէլեկտրակայաններին: Հետեւաբար Իրանից ներկրվող բնական գազի ծավալը տարեկան 2.3 միլիարդ խ.մ-ի հասցնելու նպատակով Ընկերության սեփականությունը հանդիսացող գործող գազատրանսպորտային համակարգն ընդլայնելու համար անհրաժեշտություն է առաջացել կառուցել 186.3 կմ ընդհանուր երկարությամբ 720 մմ տրամագծով նոր գազատար, ինչպես նաև վերակառուցել 120 կմ երկարությամբ առկա գազատարը:
Գազատրանսպորտային համակարգը վերակառուցելու և ընդլայնելու, ինչպես նաև թողունակությունը բարձրացնելու նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրականացվել է 52.0 միլիարդ դրամ ընդհանուր գումարով ներդրումներ: Քաջարան-Արարատ գազատարի շինարարությունն ավարտվեց 2008թ. նոյեմբերի վերջին: Ծրագրի իրականացումը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին հնարավորություն կտա ներգրավվել տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկական ծրագրերում, ինչպես նաեւ բարձրացնել գազամատակարարման հուսալիությունը՝ բնական գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրի առկայությամբ:
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառում
Գազամատակարարման ոլորտի կայուն և արդյունավետ աշխատանքը մեծապես կախված է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումից: Ընկերությունը նպատակային քաղաքականություն է իրականացնում գազի փոխադրման և բաշխման ցանցերում արդիական սարքավորումների ներդրման ուղղությամբ, որոնք նպաստում են հաշվառման համակարգերի կատարելագործմանը և բարձրացնում ոլորտի գործունեության հուսալիությունը: Որպես հիմնական կարելի է առանձնացնել.
- SCADA համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս կենտրոնացված կարգով վերահսկել և կառավարել մայրուղային գազատարներով բնական գազի փոխադրման հոսքերը,
- Ընկերության՝ թվով 69 գազաբաշխիչ կայաններից 50-ում ծախսաչափային ArmFlow տիպի ժամանակակից միկրոպրոցեսորային հանգույցների և FlowBoss տիպի 4 ծախսաչափերի տեղադրումը
- գազաբաշխիչ ցանցում անհատական գազի ճնշման կարգավորիչների ներդրումը, - գազաֆիկացման աշխատանքներում պոլիէթիլենային խողովակների կիրառումը,
- Երևանի 4-րդ գազաբաշխիչ կայանի կառուցումը: Ընկերությունում կարևորվում է նաև նոր տեխնոլոգիաների ներդրումը ոլորտի կառավարման գործընթացում, ինչը թույլ կտա «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բոլոր ստորաբաժանումներին աշխատել միասնական տեղեկատվական միջավայրում:
Ընկերությունն անցկացրեց օպտիկամանրաթելային մալուխ՝ Իրան-Հայաստան գազատարի շահագործման ընթացքում տեխնոլոգիական ներքին կապը ապահովելու համար:
Ներդրումային ծրագրի շրջանակում Ընկերությունը ներտնային գազասպառման համակարգերում անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով հանրապետության բազմաբնակարան շենքերում 2008թ.-ին սկսեց ազդանշանային սարքերի տեղադրան գործընթացը, որը կավարտվի 2011թ.-ին:
Գործունեության արդյունքները
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մակրոտնտեսական ցուցանիշները փաստում են, որ այսօր Ընկերությունը իրավամբ համարվում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժերից մեկը:
- Կանոնադրական կապիտալի, ակտիվների ու հիմնական միջոցների մեծությամբ, ինչպես նաև ՀՀ-ի պետբյուջե կատարած վճարումների արդյունքներով առաջատար դիրք է զբաղեցնում հանրապետությունում:
- Տարեկան շրջանառության մեծությամբ Հայաստանի խոշորագույն ընկերությունների առաջին եռյակում է:
- Առաջատար է նաեւ աշխատակիցների միջին թվաքանակով:
Հատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ սկսած 2003 թվականից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն վնասաբեր Ընկերությունից վերածվեց շահութաբերի՝ ապահովելով շահույթի անընդհատ աճի միտում՝ առանց հաշվի առնելու Հայաստանում բնական գազի իրացման ներքին գների աճի գործոնը: Մասնավորապես՝ ուշադրության է արժանի Ընկերության 2002-2009 թվականների գործունեության ցուցանիշների հետևյալ աճը.
– Ըստ արտադրական ցուցանիշների
ՀՀ ներկրված եւ իրացված բնական գազի ծավալներն աճել են 2,4 անգամ, այդ թվում՝
- բնակչության կողմից իրացված գազի ծավալներն աճել են 6,4 անգամ,
- արդյունաբերական սպառման ծավալներն աճել են 2,3 անգամ,
- ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի իրացման ծավալները 2001 թվականի համեմատ աճել են 10 անգամ:
– Ըստ ֆինասատնտեսական ցուցանիշների
-ՀՀ պետբյուջե վճարումների ծավալի աճ` 11 անգամ,
-կենսաթոշակային հիմնադրամի վճարումների ծավալի աճ` 7,5 անգամ,
- Ընկերության աշխատողների միջին աշխատավարձի աճ` 2,5 անգամ:
– Ըստ ներդրումների
-փաստացի բաժանորդների թվաքանակի աճ` 5,2 անգամ,
-գազաբաշխիչ ցանցի ընդլայնում` 2,3 անգամ,
-պահեստավորվող բնական գազի ծավալի աճ` 2 անգամ:
Առաջին քայլերը կապիտալի շուկայում
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից մշակվել և իրականացվել է «Գազաֆիկացման ֆինանսավորման համար կորպորատիվ պարտատոմսերի թողարկման» ծրագիրը, որի արդյունքում Ընկերությունը 2007թ. և 2008թ. ընթացքում հայաստանյան ֆինանսական շուկայում կատարեց պարտատոմսերի երկու թողարկում 2 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով: Այս թողարկումները կարելի է գնահատել բավականին հաջողակ, քանի որ նրանք մինչ օրս ծավալով ամենամեծ թողարկումներն են եղել, որոնց ընթացքում պահանջարկը միշտ գերազանցել է առաջարկը:
Մասնագիտական ուսուցում
Սկսած 2006թ.-ից «ՀայՌուսգազարդը» ընդլայնել է բուհերի հետ համագործակցությունը: Մասնավորապես, Ընկերությունը ֆինանսավորում է Հայաստանի պետական Ճարտարագիտական Համալսարանում սովորող 10 ուսանողների տարեկան ուսումը եւ Աբովյանի պետական էներգետիկ քոլեջի 40 ուսանողների ուսման հետ կապված ծախսերը: 2006թ.-ից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հնարավորություն ընձեռեց հայաստանցի 4 շրջանավարտի, արտոնյալ պայմաններով, ընդունվել եւ ուսումը շարունակել Ռուսաստանի հեղինակավոր ուսումնական հաստատություններից մեկում՝ Ի.Մ. Գուբկինի անվան նավթի եւ գազի պետական համալսարանում:
Հայաստանի մի շարք բուհերի լավագույն ուսանողներ Ընկերության կողմից խրախուսվում են հատուկ պարգեւավճարներով: 2006թ.-ի ընթացքում Ընկերության վարչական աշխատակազմի 4 աշխատակիցների շնորհվել է թեկնածուի գիտական աստիճան: «ՀայՌուսգազարդ»-ի ուսումնատեխնիկական կենտրոնում պարբերաբար ուսուցանվում, ինչպես նաեւ վերապատրաստում եւ վերաորակավորում են անցնում Ընկերության աշխատակիցներն ու մասնագետները:
Բացի այդ, «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները մասնագիտական հատուկ դասընթացներ են անցնում եւ մասնակցում տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ եւ օժանդակությամբ կազմակերպված սեմինարներին:
Ընկերության հեռանկարային ծրագրերը
Ընկերության ռազմավարական նպատակն է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն տարածաշրջանային նշանակության գազաէներգետիկ ընկերություն դարձնելը և Ընկերության դինամիկ զարգացումը: Նշվածին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
• մասնակցություն Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում և Ընկերության դիրքերի զարգացում երրորդ երկրներ էլեկտրաէներգիայի արտահանման շուկաներում,
• գործունեության դիվերսիֆիկացում, Ընկերության ներգրավում հեռանկարային էներգետիկ ծրագրերում Հայաստանի Հանրապետությունում և տարածաշրջանում, մասնավորապես՝
- Հայաստանի տարածքում նավթամթերքների տերմինալի կառուցման ներդրումային նախագծի իրականացման մասնակցություն,
- Հրազդանի ՋԷԿ-ի գործող չորս էներգաբլոկների միավորում կառուցվող 5-րդ էներգաբլոկի հետ՝ միասնական արտադրական համալիրի ստեղծման նպատակով,
• արտերկրների գազաէներգետիկ ծրագրերին մասնակցություն,
• մասնակցություն Հայաստանում ենթակառուցվածքների համակարգերի (էլեկտրաէներգիա, ջուր) կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին (հավատարմագրային կառավարում և այլն),
• Ընկերության կանոնադրական կապիտալում հայկական մասնաբաժնի ավելացում,
• աշխատողների մասնագիտական պատրաստվածության բարձրացում և սոցիալ-աշխատանքային պայմանների բարելավում, մասնավորապես՝
- Ընկերության կողմից մշակված բոնուսային ծրագրի իրականացում,
- կորպորատիվ կենսաթոշակային հիմնադրամի ստեղծում,
- Ընկերության աշխատողների համար սոցիալական փաթեթի ներդրում, մասնավորապես Հայաստանի մարզկենտրոններում, ներառյալ բնակարանային ֆոնդի կառուցում ու արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրում,
• Ընկերության նպատակային ծրագրերի համար արտաքին ֆինանսավորման ներգրավման ուղիների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակում մասնակցություն ֆինանսական շուկաններում,
• մեծածավալ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության դեպքում՝ Ընկերության բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում (IPO):