Ծանոթանալով մեր տեղեկատվական ռեսուրսի ինտերակտիվ բովանդակությանը՝ Դուք կտեղեկանաք Ընկերության պատմության, կառուցվածքի, գործունեության հիմնական ուղղությունների, իրականացվող ծրագրերի եվ հեռանկարային նախագծերի մասին: Կայքում ներկայացված տեղեկություններն օգտակար կլինեն ինչպես մեր գործընկերների, այնպես էլ, նրանց համար, ովքեր նոր են ծանոթանում «ՀայՌուսգագարդ» ՓԲԸ գործունեությանը:
Հայաստանի Հանրապետություն
ք. Երևան 0091
Թբիլիսյան խճուղի 43
հեռ.(37410) 29 49 33
ֆաքս (37410) 29 47 28
inbox@armrusgasprom.am
1961-1962թթ. սկսվեցին քաղաքների ու շրջկենտրոնների արդյունաբերական ու կենցաղային օբյեկտների գազաֆիկացման աշխատանքները, ընդարձակվեցին քաղաքային ու գյուղական բնակավայրերի գազաբաշխիչ ցանցերը:
1963թ.-ին կառուցվեցին Կիրովական /Վանաձոր/–Լենինական /Գյումրի/ 58 կմ երկարությամբ եւ 4,37 մլն նխ/մ/ տարի թողունակությամբ, իսկ 1964-ին` Կրասնի Մոստ-Ալավերդի 55 կմ երկարությամբ եւ 4,4 մլն նխ/մ թողունակությամբ գազամուղները:
1965թ. կառուցվեցին Վանաձոր-Ալավերդի, Երեւան-Հոկտեմբերյան /Արմավիր/, 1968թ.՝ Վանաձոր-Գյումրի-Մարալիկ գազամուղները, իսկ 1969թ. Արմավիր-Կարմրաշեն գազամուղի կառուցմամբ փակվում է Երեւան-Արմավիր-Գյումրի-Վանաձոր գազատար օղակը /արեւմտյան օղակ/:
Հանրապետության գազասպառողների կայուն եւ անխափան գազամատակարարումն ապահովելու գործում կարեւոր դեր ունեցավ գազի ստորգետնյա պահեստավորման կայանի կառուցումը /ԳՍՊԿ/: Պահեստարանի շինարարությունն իրականացնում էր ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության «Սպեցպոդզեմստրոյ» կազմակերպությունը, որը 1968թ. արդյունաբերական շահագործման հանձնեց 3 գազաշարժիչային ճնշակներով ճնշակայան եւ ստորգետնյա առաջին գազապահեստարանը՝ 380 հազ խ/մ ֆիզիկական ծավալով:
1971թ. սկսվեցին անհրաժեշտ սարքերով ու սարքավորումներով հագեցած գազաբաշխիչ ցանցերի ու դրանց ճյուղավորումների լայնամասշտաբ շինարարական աշխատանքները:
Գազասպառողների կողմից գազի անհրաժեշտ ճնշման պահանջարկից ելնելով գազամուղները հիմնականում կառուցվում էին երկաստիճան սխեմայով՝ բաղկացած ցածր ճնշման /մինչեւ 5 կՊա/ եւ միջին ճնշման /մինչեւ 0,3 ՄՊա/ գազացանցերից:
Ելնելով հանրապետության հուսալի գազամատակարարման անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով հարավկովկասյան հանրապետությունների արդյունաբերության հեռանկարային զարգացումը՝ 1970-ական թվականներին Հայաստանի գազամատակարարումը սկսեց իրականացվել հարավ-կովկասյան համակարգին միացված տրասիրանական մայրուղային գազամուղից, եւ 1975թ. հանրապետության գազասպառողներին մատակարարվեց 3,08 մլրդ խ/մ իրանական գազ: 1979թ. դադարեց իրանական գազի մուտքը հանրապետություն: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ԽՍՀՄ գազի արդյունաբերության մինիստրության 1976 թ. ապրիլի 26-ի թիվ 535 որոշմամբ ընդարձակվեցին եւ 1977թ. ավարտվեցին Ղազախի ճնշակային արտադրամասի ընդարձակման աշխատանքները: 1982թ. Գազաֆիկացման գլխավոր վարչությունը վերանվանվեց Գազաֆիկացման պետական կոմիտե, 1989թվականին՝ «Հայգազ» արտադրական միավորում:
Երկար ժամանակ չէր լուծվում Զանգեզուրի տարածաշրջանի գազամատակարարման խնդիրը: Լաչինի շրջանի գազամատակարարումը ռեալ նախադրյալներ ստեղծեց Հայաստանի հարավային շրջանների գազամատակարարման համար: 1983թ. տեղադրվեց 79,3 կմ երկարությամբ Եվլախ-Գորիս-Նախիջեւան մայրուղային գազամուղը: Նույն տարում կառուցվեցին Գորիս-Կապան-Քաջարան գազամուղն ու դեպի Գորիս, Սիսիան, Կապան գազատար-ճյուղավորումները: Լեռնային այս գոտում գազամուղների շինարարությունը իրականացվում էր խիստ դժվարին պայմաններում, խողովակները, անհրաժեշտ շինանյութերն ու սարքավորումները շինհրապարակ էին հասցվում ուղղաթիռներով: 1984թ. կառուցվում է 86,6 կմ երկարությամբ Իլյիչովսկ /Նախիջեւանի ԻՀ/-Երեւան գազամուղը, իսկ 1985թ.՝ Արտաշատ գազատար-ճյուղավորումը:
Բնական գազը դարձավ Հայաստանի վառելիքաէներգետիկ համալիրի կարեւորագույն բաղադրիչներից մեկը: Բնական գազը սկսեց օգտագործվել նաեւ տեխնոլոգիական կարիքների համար, նպաստեց Սեւանա լճից էներգետիկ կարիքների համար ջրի թողքի նվազեցմանը: Մեծ հնարավորություններ ստեղծվեց քիմիական արդյունաբերության նոր ճյուղերի զարգացման համար:
Գազամատակարարման համակարգի հուսալիության հետագա բարձրացմանն ուղղված միջոցառումների շնորհիվ ստեղծվեցին լրացուցիչ հզորություններ. սկսած 1985թ.-ից ԽՍՀՄ կենտրոնական շրջաններից հարավկովկասյան հանրապետություններին մատակարարվում էր տարեկան 13-15 մլրդ խ.մ բնական գազ:
Այս առումով, 1200 մմ տրամագծով, 617 կմ երկարությամբ եւ 10-15 մլրդ նխ/մ/տարի թողունակությամբ Մոզդոկ-Մախաչկալա-Խաչմաս- Կազի Մոհամեդ գազամուղի կառուցումը նշանակալի դեր կատարեց հանրապետության գազամատակարարման աճող պահանջարկի բավարարման գործում: Այդ նպատակով «Հայտրանսգազ» ԱՄ «Հարավկովկաստրանսգազ» տրեստը կառուցեց Ղազախ- Երեւան երկրորդ եւ երրորդ գազամուղները: 1987թ. տեղադրվում են Սեւան-Ջերմուկ գազամուղի 2-րդ խողովակաշարը, Ապարան-Քուչակ, Վայք-Եղեգնաձոր գազամուղները, իսկ 1988թ.-ին՝ Աշտարակ-Ապարան գազամուղն ու դեպի Գյումրի ճյուղավորումը:
1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով աղետի գոտու շուրջ 1500 կմ միջին եւ ցածր ճնշման գազամուղներն ու դրանց վրա տեղադրված սարքավորումները հիմնականում շարքից դուրս եկան:
Երկրաշարժից հետո 15 օրվա ընթացքում հիմնականում վերականգնվեց աղետի գոտու գազամատակարարումը: 1988թ. դեկտեմբերի մի քանի օրերի եւ 1989թ. հունվար ամսվա ընթացքում վերականգնվեցին շուրջ 750 կմ միջին ու ցածր ճնշման գազախողովակներ, վերսկսվեց 80 արտադրական եւ 120 կոմունալ-կենցաղային օբյեկտների գազամատակարարումը:
Մինչեւ 1990-ական թվականները հանրապետությունում ընդհանուր առմամբ կառուցվել է 1768 կմ մայրուղային գազամուղներ եւ 55 գազաբաշխիչ կայաններ:
Գազաֆիկացման ցուցանիշներով Հայաստանը ԽՍՀՄ հանրապետությունների շարքում առաջիններից մեկն էր. քաղաքներում այն կազմում էր 82,6 տոկոս, իսկ գյուղական վայրերում՝ 83,3 տոկոս:
Հանրապետությունում գազամատակարարման լավագույն տարին համարվում է 1989թ.: Այդ տարի բնական գազի սպառման ընդհանուր ծավալը կազմեց 6,33 մլրդ խ/մ, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար՝ 2,3 մլրդ խ/մ/36,6 տոկոս/, արդյունաբերական կարիքների համար՝ 27,5 տոկոս, բնակարանային կարիքների համար՝ 22,8 տոկոս, կոմունալ-կենցաղային կարիքների համար՝ 13,4 տոկոս:
1991թ. Ադրբեջանը դադարեցրեց Հայաստանի գազամատակարարումը, որի հետեւանքով կազմալուծվեցին ձեռնարկությունների աշխատանքները: 1991-1994թթ. ցրտաշունչ ձմեռային տարիներին հանրապետության բնակչությունը ստիպված էր շրջադարձ կատարել վառելիքի ավանդական տեսակներին՝ փայտ, քարածուխ, նավթ, այրվող թափոններ, բնակչության որոշ մասն էլ անցավ հեղուկ գազի օգտագործման: Այս ամենը բերեց գազամուղների եւ դրանց վրա տեղակայված սարքավորումների երկարատեւ անգործության, ինչն էլ ավելի արագացրեց ստորգետնյա գազամուղների քայքայումը, արդյունքում հանգեցրեց գազամատակարարման համակարգի զգալի հատվածի կոնսերվացմանը:
Հանրապետության գազամատակարարումը վերականգնելու նպատակով «Հայգազարդ» ԱՄ Հյուսիսային Կովկասի բնակլիմայական դժվարին պայմաններում Վլադիկավկազի մոտակայքում գործարկեց ճնշակային նոր կայան եւ Վրաստանի տարածքով անցկացրեց շուրջ 180 կմ գազամուղի նոր գիծ: Սակայն նոր գազամուղի կառուցումից հետո գազի ներմուծման քանակը մնաց խիստ սահմանափակ:
1992թ. ՀՀ «Հայգազ» եւ նախկինում համամիութենական ենթակայության «Հայգազարդ» ԱՄ-ների միաձուլմամբ ստեղծվում է «Հայգազվառելիք»պետական ձեռնարկությունը /ՊՁ//ղեկ.Ե.Զախարյան/, որը նույն թվականին վերանվանվում է «Հայգազ» հատուկ նշանակության ՊՁ, հետագայում՝ «Հայգազարդ» ՊՁ /ղեկ.՝ Ռ. Ադոնց/: 1994թ. ՊՁ-ն վերափոխվում է պետական կոնցեռնի:
1993թ. կառուցվեց Կարմիր կամուրջ-Սեւքար-Բերդ 61,8 կմ երկարությամբ գազամուղը, 1993թ. վերջին վերսկսվեց ռազմավարական նշանակություն ունեցող առանձին օբյեկտների գազամատակարարումը, իսկ 1995թ. հանրապետություն մտնող գազի քանակի զգալի ավելացման շնորհիվ ծավալուն աշխատանքներ սկսվեցին ազգային տնտեսության կարեւորագույն օբյեկտների գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:
1997թ. ՀՀ էներգետիկայի նախարարությունը հաստատում է հանրապետության գազամատակարարման վերականգնման ծրագիր, որի համաձայն սկսվում են վերականգնման ծավալուն աշխատանքներ: 1997թ. «Հայգազարդ» պետական կոնցեռնը տրոհվեց «Հայգազարդ», «Հայտրանսգազ» եւ «Հայգազ» ՊՁ-ների, որոնց ղեկավարներ դարձան Ռ.Ադոնցը, Ե. Զախարյանը եւ Ռ. Ռուբենյանը:
Այս ձեռնարկությունների հենքի վրա 1997թ. ռուսաստանյան «Գազպրոմ» ԲԲԸ /45 տոկոս բաժնեմաս/«Իտերա» ընկերության /10 տոկոս/ եւ ՀՀ կառավարության /45 տոկոս/ նախաձեռնությամբ հիմնադրվեց «ՀայՌուսգազարդ» Փակ Բաժնետիրական Ընկերությունը /ղեկավարներ՝ Ռ. Ադոնց, Կ. Կարապետյան/, որն անկախ Հայաստանի ամենախոշոր եւ հաջողված տնտեսական գործարքներից մեկը համարվեց:
USAID եւ TACIS ծրագրերի շրջանակում «GAZ de France» եւ «Snamprogetti» կոնսորցիումի անմիջական մասնակցությամբ 1995-1996թթ. ուսումնասիրվեցին գազատրանսպորտային ու գազաբաշխիչ համակարգերը, գազի համակարգին անհրաժեշտ սարքավորումներ ու պահեստամասեր արտադրող մասնագիտացված արտադրական ձեռնարկությունները: Կատարված աշխատանքների արդյունքներով գործնական առաջարկներ եղան գազամատակարարման համակարգի վերակենդանացման առումով, ընտրվեցին գազամատակարարման կոնկրետ օբյեկտներ:
Հանրապետության էներգետիկ համակարգի գործունեության հուսալիությունն անմիջականորեն կապված է էներգիայի աղբյուրների զանազանեցման խնդրի հետ: Որպես էներգակրման նոր աղբյուր՝ ներկայումս դիտարկվում է Իրան-Հայաստան գազամուղի կառուցումը, որի տեխնիկատնտեսական հիմնավորումը մշակված է «Հայգազնախագիծ» ինստիտուտի կողմից:
Այսօր Հայաստանի գազատրանսպորտային համակարգն ունի թողունակության զգալի պաշար: Համաձայն «Գիպրոգազցենտր» եւ «Հայգազնախագիծ» ինստիտուտների կողմից համատեղ մշակված տեխնիկական հիմնավորման՝ այրումում եւ Գյումրիում երկու ճնշակային կայանների տեղակայմամբ եւ շուրջ 150 կմ երկարությամբ նոր գազամուղի կառուցմամբ Հայաստանի տարածքով գազի արտահանման հնարավորությունը կարելի է հասցնել տարեկան շուրջ 9,0 մլրդ խ.մ-ի:
Այսպիսով, Հայաստան անհրաժեշտ քանակի բնական գազ ներկրելու հետ կապված մի շարք խնդիրների հրատապ լուծումը կարող է նշանակալից դեր կատարել հանրապետության տնտեսական հզորացման եւ էներգետիկ անվտանգության ապահովման գործում: